Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով վիճահարույց նմանակումից հետո, հայտնում է yahoo.com-ը:
Ըստ աղբյուրի, տեսարանը, որը վերստեղծում էր Քրիստոսի և նրա առաքյալների վերջին ընթրիքի աստվածաշնչյան տեսարանը, ներառում էր դրագ արտիստներ և կիսամերկմերկ երգչուհի։ Այս բեմադրությունը խիստ քննադատվել է մի շարք քաղաքական գործիչների և կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից:
Կիրակի օրը Փարիզ 2024-ի խոսնակ Անն Դեշամը հայտարարել է, որ «առհասարակ մտադրություն չի եղել որևէ կրոնական խմբի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»։
Նրա խոսքով՝ որ բացման արարողությանը փորձ է արվել «տոնել հանդուրժողականությունը»:
«Մենք հավատում ենք, որ այս նպատակն իրականացվել է: Եթե մարդիկ սա որպես վիրավորանք են ընդունել, մենք իսկապես ցավում ենք», - նշել է Դեշամը։
Շաբաթ օրը մի շարք ականավոր քաղաքական գործիչներ քննադատել են այս տեսարանը: Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Մարիոն Մարեշալը ներողություն է խնդրել «աշխարհի բոլոր քրիստոնյաներից, որոնք իրենց վիրավորված են զգացել»։
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին այն անվանել է «վիրավորական» և «անճաշակ»:
«Օլիմպիական խաղերի բացումը` վիրավորանք միլիարդավոր քրիստոնյաներին ամբողջ աշխարհում, իսկապես վատ սկիզբ էր», - գրել է նա X-ում:
Tesla-ի, X-ի և Space X-ի սեփականատեր Իլոն Մասկը նույնպես քննադատել է նմանակումը, որը նա նկարագրել է որպես «չափազանց վիրավորական քրիստոնյաների համար»:
Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ժոլին նշել է, որ շփոթված է շոուի վերաբերյալ բացասական արձագանքներից:
«Մեր թեման պառակտիչ լինելը չէր։ Մենք երբեք չենք ցանկացել պառակտիչ լինել։ Մենք ուզում էինք խոսել բազմազանության մասին: Բազմազանությունը նշանակում է միասին լինել: Մենք ցանկանում էինք ընդգրկել բոլորին։ Ֆրանսիայում մենք ունենք գեղարվեստական ազատություն։ Ֆրանսիայում մեզ բախտ է վիճակվել ապրել ազատ երկրում», - ասել է Ժոլին:
15-րդ դարի վերջին նկարված «Խորհրդավոր ընթրիք»-ը պատկերում է Հիսուսին 12 առաքյալների հետ՝ ցույց տալով այն պահը, երբ նա հայտարարել է, որ նրանցից մեկը կմատնի իրեն։