ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով Դելավերի իր տանն ինքնամեկուսացվելուց հետո հուլիսի 23-ին կվերադառնա Սպիտակ տուն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկին հղումով։
Ներկայացված տվյալներով՝ Բայդենը դուրս կգա Դելավերի Ռեհոբոթ-Բիչ հանգստավայրում գտնվող իր տնից տեղական ժամանակով 12։30-ին (Երևանի ժամանակով՝ 20։30-ին) և երկու ժամ անց կժամանի Սպիտակ տան իր աշխատավայր, որտեղ հերթական ճեպազրույցը կանցկացվի։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ամերիկացի առաջնորդը վարակվել էր կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել Դելավերի իր տանը։ Սոցցանցերում Բայդենի ենթադրյալ մահվան մասին շրջանառվող շահարկումների ֆոնին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իշխանությունից պահանջել էին ապացույցներ ներկայացնել, որ ԱՄՆ նախագահը ողջ է։
Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել էր, որ Բայդենի ինքնազգացողությունը բարելավվել է, նա շատ արագ ապաքինվում է։ Բայդենի բժիշկը, իր հերթին, հավաստիացրել էր, որ կորոնավիրուսի ախտանշաններն իր բուժառուի մոտ «գրեթե ամբողջությամբ անհետացել են»։