ՀՀ-ին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և Caesar-ներով համալրելու Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը «շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ՝ արձագանքելով «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության տրամադրման որոշման ընդունմանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Հաջիզադեն դժգոհել է, թե «Եվրամիության նման գործողությունները ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ, և հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում»։
«Վերոնշյալ ռազմական օգնությունը Հայաստանին և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը, որը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասը և ներկայումս չի հրաժարվում այդ պահանջից մեր տարածքային ամբողջականության դեմ և տարածաշրջանում ապակառուցողական գործունեություն է իրականացնում»,- պնդել է Հաջիզադեն։
«Մենք կտրականապես դեմ ենք Եվրամիության խորհրդի կողմից ընդունված այս որոշմանը և ակնկալում ենք, որ թափանցիկ տեղեկատվություն կտրամադրվի օգնության մասին։ Եվրամիությունը պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի սպառազինության ու ռազմականացման քաղաքականությանը, և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։
Հակառակ դեպքում Եվրամիությունը կկիսի Հայաստանի ապակայունացնող ցանկացած հնարավոր սադրանքի պատասխանատվությունը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնության տրամադրման որոշումը։
The post Կողմանակալ է ու բաժանարար գծեր ստեղծող․ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ռազմական օգնության տրամադրումը. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.