Ռուսաստանցի երգիչ SHAMAN-ը (Յարոսլավ Դրոնով) հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը նախագահական մրցապայքարից դուրս է եկել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ իր համերգից հետո. երգիչն այս մասին գրել է Telegram-ում։
«Սիրելիներս, ԱՄՆ դեսպանատանը երգեցինք «Ես ռուս եմ» երգը։ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից: Ծառայում եմ Ռուսաստանին», - գրել է երգիչը։
Ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի էր ունեցել SHAMAN-ի համերգ-հանրահավաքը՝ ընդդեմ YouTube-ի ռուսաստանցի օգտատերերի անօրինական արգելափակման։ Երգիչը հանրության առջև դուրս էր եկել ՌԴ դրոշը ձեռքին և «Ես ռուս եմ» մակագրությամբ շապիկով։ Քայլելով դեպի բեմ՝ նա մի քանի անգամ բղավել էր «Ուռա՛»մ «Ճշմարտությունն ու զորությունը մեր կողմն են» արտահայտությունը։
Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի մնա 2024 թվականի նախագահական մրցավազքում՝ իր աջակցությունը հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։
Իր նամակում Բայդենը Հարիսին անվանել էր «արտակարգ գործընկեր» և ասել, որ նրան փոխնախագահի պաշտոնում ընտրելը «իր կայացրած լավագույն որոշումն է»:
«Այսօր ցանկանում եմ առաջարկել իմ լիակատար աջակցությունը, որպեսզի Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն», - ասել էր Բայդենը: