«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Նշվում է, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյտինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները: Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճենների քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: Այս որոշման ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի 2025թ.-ի հունվարի 1-ից, քանի որ նշված տվյալների մուտքագրման նպատակով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգը ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել տվյալ համակարգի տեխնիկական չափորոշիչները, այնուհետև հայտարարել մրցույթ, ինչպես նաև համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել 2025թ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:
Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար, հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում