«Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի ժամկետը մինչև 2030 թվականը երկարացնելու շնորհիվ ամեն տարի Իրանը Հայաստան է արտահանում 360 մլն խմ գազ՝ դրա դիմաց ներմուծելով էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքների ավարտը մոտ ապագայում թույլ կտա կրկնապատկել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի ներմուծումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ես Երևանում եմ մոտ մեկ տարի, և այս ընթացքում մեզ հաջողվել է զգալի առաջընթացի հասնել Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանը մեր հարևաններից է և մեզ հետ 46 կմ սահման ունի, որն ամենաապահով սահմաններից է», – իր խոսքում նշել է Իրանի դեսպանն՝ ընդգծելով, որ Երևանի և Թեհրանի պատմական հարաբերությունները եղել են շատ դրական ու հստակ, և Հայաստանի անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև համագործակցության գործընթացը միշտ զարգացել է։
Մեհդի Սոբհանին նկատել է, որ նախորդ տարի Իրանին հաջողվել է Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը՝ Հայաստանի անկախացումից ի վեր։
«Այս պայմանագրով նախատեսվում է Հայաստանի հարավային մասում Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցումը, որը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա։ 212 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը Հայաստան», – ասել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այդ ճանապարհը մեկ ժամ 20 րոպեից կրճատվելու է՝ հասնելով 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից հասնում է 17 մետրի, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության տեսանկյունից։
Նա նաև հավելել է, որ 36 միլիոն դոլար արժողությամբ այլ ավելի փոքր ծրագրեր կան Հայաստանի տարբեր վայրերում:
«Առևտրի ոլորտում մեզ հաջողվեց Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։ Հայաստանն իր 3 միլիոնանոց բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, որն այս երկիրը դարձրել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակ», – շեշտել է դեսպան Սոբհանին։
Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև օրական 400 բեռնատար է երթևեկում, իսկ անցյալ տարի Իրան է մեկնել Հայաստանի 161 հազար բնակիչ՝ իրենց հետ տանելով 80 միլիոն դոլարի ուղեբեռ։
The post Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.