Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է վերընտրվելու դեպքում Եվրամիությունը (ԵՄ) դարձնել պաշտպանական դաշինք։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԵՀ ղեկավարի ծրագրին հղումով։
«Առաջիկա հինգ տարիների մեր աշխատանքը կենտրոնանալու է իրական պաշտպանական Եվրոպական միության կառուցման վրա»,- ասվում է նախընտրական ծրագրում։
ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում ֆոն դեր Լայենը խոստացել է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը, որը կհամակարգի ԵՄ մակարդակով պաշտպանունակության ամրապնդման աշխատանքները: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները «կկրեն իրենց զորքերի պատասխանատվությունը»:
Այսօր ֆոն դեր Լայենի ելույթից հետո սպասվում է նրա թեկնածության քվեարկությունը Եվրախորհրդարանում: