«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը
– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ի՞նչ է տալու այս մասնակցությունը Հայաստանին։
– Սա ֆորմալ մասնակցություն է այն առումով, որ ԱՄՆ-ն դեռևս ժամանակ առաջ փորձում էր նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, ու, ըստ էության, այդ գագաթնաժողովն օգտագործվում է հատկապես Հարավկովկասյան տարածաշրջանի ոսպնյակից այս հանդիպումը կազմակերպելու նպատակով։ Այսինքն՝ ասել, թե այս գագաթնաժողովին մասնակցությունը մոտեցնելու է Հայաստանին կամ Ադրբեջանին ՆԱՏՕ-ին, անհնար է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Մինչև վերջին պահն Ադրբեջանը նույնիսկ չէր հաստատել իր մասնակցությունը, իսկ հանդիպման մասին առհասարակ խոսք չկար, թե՛ Բաքվից, թե՛ Երևանից հրաժարվում էին խոսել հնարավոր հանդիպման մասին, բայց որն ի վերջո հաստատվեց, ինչը կարծում եմ, կոնֆիդենցիալ պայմաններում կազմակերպված հանդիպում էր, ու սա էր նաև պատճառը, որ մինչև վերջին պահը որևէ մեկը չէր հաստատում հանդիպման հնարավորությունը։
Սա է նաև վկայում իմ ասածը, որ այս մասնակցությունը ֆորմալ է, ու եթե չլիներ այդ հանդիպման հավանականությունը, հնարավոր էր, որ նույնիսկ հրավերը չէր լինի։
– Նկատի ունեք, որ այդ հրավերի հիմնական նպատակը Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպո՞ւմն էր։
– Կարծում եմ՝ այո՛, որովհետև նախորդիվ մենք հիշում ենք նաև ԱՄՆ տարբեր պաշտոնյաների այցելությունները, ընդ որում՝ ակտիվ այցելությունը մեր տարածաշրջան, մասնավորապես, Հայաստան ու Ադրբեջան, ինչը խոսում էր այն մասին, որ ԱՄՆ-ն ինչ-որ հանդիպման նախապատրաստություն է տեսնում, բայց այն ժամանակ դեռ չէր խոսվում՝ ե՛րբ, ի՛նչ հանգամանքներում կարող է լինել այս հանդիպումը։
Պետք է հիշենք, որ նախորդ հանդիպումներում, ընդ որում՝ հիմնական հանդիպումը, որտեղ մի քանի օր քննարկվեց փաստաթուղթ, ու արտգործնախարարների միջև համաձայնության գործընթաց էր գնում, նույնպես ԱՄՆ-ի նախաձեռնությամբ էր, այսինքն՝ իրադարձությունների հաջորդականությունը խոսում է հենց այս վարկածի օգտին, որ հրավերի բուն ու ամենաֆունդամենտալ նպատակը այդ հանդիպումն էր, որով նաև Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հնարավորություն կստանա որոշակի դերակատարում ունենալ հարավկովկասյան գործընթացներում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում ձգտում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը լինի երկկողմ ձևաչափով՝ առանց միջազգային միջնորդների մասնակցության հնարավորության։
– Բայրամով-Միրզոյան կայանալիք հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել, էական առաջընթաց լինելո՞ւ է։
– Կա երկու հանգամանք․ մեկը ԱՄՆ-ի գործոնն է՝ հատկապես Բայդենի վարչակազմի, որը որպես նոր ընտրությունների պատրաստվող վարչակազմ, խնդիր ունի հաջողություններ ցույց տալ արտաքին ճակատում: Այս իմաստով, կարծում եմ, որոշակի ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որովհետև այդ գործընթացի հիմնական կողմը, որը կարող է գործընթացը բերել կառուցողական դաշտ, մնացել է Ադրբեջանը, ու այսօր նրանից է կախված, թե այս գործընթացը ինչ հունով կընթանա։
Այսօր ամբողջ հարավկովկասյան ռազմաքաղաքական բալանսը շրջվել է հօգուտ Ադրբեջանի։ Ես կարծում եմ, որ կլինի ԱՄՆ-ի կողմից ճնշում, ընդ որում՝ բացառված չէ, որ դա կարող է լինել Հայաստանի կենսական շահերի հաշվին, այդ թվում նաև՝ կոմունիկացիաների բացման գաղափարի ներքո հնարավոր է նաև ներմուծվի ադրբեջանական այդ կեղծ թեզը՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթով, ու դրանով փորձեն շահագրգռել Ադրբեջանին, որպեսզի այս պահին Ադրբեջանը գնա որոշակի առաջընթացի:
Հիշեցնեմ, որ ալիևյան վերջին առաջարկներից մեկը ոչ թե այսպես կոչված համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, այլ՝ մոտավորապես շրջանակային համաձայնագրի, որը խոսում է ապագա պայմանագրի սկզբունքների մասին։
Քանի որ Ադրբեջանը հիմնական կողմն է, որը նաև շահագրգռված չէ խաղաղության պայմանագրով, որովհետև այն բերելու է որոշակի սահմանափակումներ իր համար, չնայած Հայաստանն այդ պայմանագրով ահռելի կորուստներ կունենա:
Ադրբեջանն այսօր պատրաստ չէ համապարփակ պայմանագրի կնքման, որովհետև հնարավորության դեպքում փորձելու է նոր զիջումներ կորզել Հայաստանից,Ադրբեջանն անգամ պատրաստ չէ ամբողջությամբ ավարտել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։
– Պարո՛ն Պողոսյան, ստացվում է, որ չնայած ԱՄՆ ճնշումներին, եթե դրանք իհարկե կան Ադրբեջանի նկատմամբ, վերջինը, այնուամենայնիվ, շարունակում է սեփական պահանջնե՞րն առաջադրել։
– Այո՛, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը բավականին հմտորեն խաղարկում է ռուս-արևմտյան հակասությունները ու մերթ այս, մերթ այն կողմից օժանդակություն ստանալով, որը կլինի քաղաքական իմաստով, դիվանագիտական թե տնտեսական, կարողանում է հմտորեն շրջանցել այսօր գործադրվող բոլոր ճնշումներն իր վրա ու, ի վերջո, գործընթացը տանել իր համար ցանկալի ուղղությամբ:
Ես այստեղ միայն Հայաստանի գործոնն եմ տեսնում, որ միայն Հայաստանը կարող է գործընթացի տրամաբանությունը փոխել հօգուտ իրական, այլ ոչ թվացյալ խաղաղության, որը պարտադրվում է։
– Ինչպե՞ս կարող է փոխել։
– Դա բավական բարդ է, քանի որ ՀՀ գործող ռազմաքաղաքական իշխանությունը այդ իմաստով իմպոտենտ է ու այլևս չի կարող նոր փոփոխությունների առանցք դառնալ, իսկ այդ նոր փոփոխություններն ինչպես աշխարհաքաղաքական են, այնպես էլ տարածաշրջանային, ու ոչ միայն տարածաշրջանային, այլև ներքին՝ ներհայաստանյան իրողություններն էլ են այլևս տարբեր թե՛ մինչ 2020 թվականը ու թե՛ դրանից հետո։
Հետևաբար անհրաժեշտ է այնպիսի, պայմանական ասած, մոդեռացիոն թիմ, որն ի վիճակի կլինի լավագույն համադրմամբ վերականգնել ռազմաքաղաքական խախտված բալանսը կամ դա մոտեցնել հնարավորի սահմանին, որի դեպքում արդեն իրական խաղաղության մասին պայմանավորվածությունը ավելի ռեալ կլինի, քան այսօր կա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ադրբեջանը հմտորեն խաղարկում է ռուս-արևմտյան հակասությունները ու կարողանում է շրջանցել բոլոր տեսակի ճնշումներն իր վրա. Արա Պողոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.