«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը, ինչպե՞ս եք գնահատում դատարանի այս որոշումը։
– Ես հենց դատարանի դահլիճում եմ ասել, որ սա մի մարդու որոշում է՝ Նիկոլ Փաշինյանի, Արմեն Աշոտյանը դասական քաղաքական բանտարկյալ է, և Նիկոլ Փաշինյանը որոշեց ևս երեք ամսով անազատության մեջ պահել Արմեն Աշոտյանին։
– Գործող իշխանությունը բազմիցս է նախկին իշխանություններին մեղադրել կոռուպցիայի, թալանի ու այլ հանցավոր արարքների համար, բայց այսօր պարոն Աշոտյանն ու ևս մի քանի հոգի են անազատության մեջ, ինչո՞ւ՝ ըստ ձեզ։
– Մեղադրելուց ու որակումներ տալուց առաջ իրենք թող մի հատ հայելու մեջ նայեն։ Ինչ վերաբերում է ձեր հարցին. որովհետև պարոն Աշոտյանն է երևի իրենց կոկորդում մնացել ու Հանրապետական կուսակցությունը։ Թե ինչո՞ւ՝ գնացեք Նիկոլ Փաշինյանին հարցրեք, ես ինչ իմանամ։
Պարոն Աշոտյանն էր իր փուչիկը պայթեցնում, նա էր Եվրոպայում Փաշինյանի հակաժողովրդավարական լինելը ներկայացնում, խանգարում է երևի իրեն պարոն Աշոտյանը, մուռ է հանում, ինչ իմանամ՝ ինչի։ Բայց ինչո՛ւ է պարոն Աշոտյանը, Ռոբերտ Քոչարյանը չի՞ նստել երկու տարի, Մամիկոն Ասլանյանը էս 2,5 տարի է՝ նստա՞ծ չի, Նարեկ Մալյանը նստա՞ծ չի, Սամսոնյանն ու Վազգենը նստա՞ծ չէին։
-Մյուսների դեպքում խափանման միջոցի փոփոխություն եղել է, իսկ Արմեն Աշոտյանի դեպքում՝ ոչ։
– Մամիկոն Ասլանյանը երկուսուկես տարուց ավելի է՝ նստած է, դեռ դուրս չի եկել, նա էլ է Հանրապետական, երևի հանրապետականներն են բկին կանգնած, ի՛նչ իմանամ։ Եթե ուզում եք իմանալ, ապա այս իշխանության ամենաիրական այլընտրանքը նախկին իշխանություններն են կամ գոնե այն մարդիկ, որոնք նախկին իշխանությունների գաղափարական ժառանգության կրողն են։ Ես որ ասում եմ՝ նախկին իշխանություն, նկատի ունեմ 88-ի Շարժումից սկսած, ոչ թե միայն Հանրապետականին։
– Պարոն Աշոտյանի ազատության մեջ լինելու մասով ի՞նչ հույսեր ունեք։
– Պարոն Աշոտյանը գիտի՝ ինչքան Նիկոլն իշխանություն եղավ, ինքը նստելու է, դա մենք էլ գիտենք։ Պարոն Աշոտյանը նստելուց առաջ էլ գիտեր, հիմա էլ գիտի, նա իր պայքարը տանում է, իհարկե շատ դժվար է, բայց արժանապատիվ է տանում։ Բոլորս էլ նստած ենք, էլի, ինչ է, մենք նստա՞ծ չենք, մենք էլ Հայաստանի Հանրապետություն անունով մեծ գաղութում ենք նիկոլիստական, էս էլ է էլի կալանք։ Գաղութում ենք, էլի, երբ ամեն օր տեսնում ենք, թե ոնց են երկիրը մաս-մաս տալիս թուրքին, բայց բան չենք կարողանում անել։ Աշոտյանը գոնե իր թոռներին կասի՝ պապին գաղութում էր, չկարողացավ Նիկոլի ձեռքը բռներ, բա ե՞ս իմ թոռանն ինչ պատասխան եմ տալու, ու ինձ նմանները։ Մենք էլ իբր ազատ ենք, բայց ավելի կալանավորված ենք ու անկարող, բոլորս կանխատեսող ենք դարձել, բայց կանխող չկա։
– Պարո՛ն Շարմազանով, իսկ ինչո՞ւ չենք կարողանում կանխել։
– Որովհետև գործ ունենք ոչ թե Նիկոլի, այլ հավաքական Արևմուտքի ու Թուրքիայի հովանավորության հետ։ Դուք չե՞ք տեսնում, թե ԱՄՆ-ի հետ ինչ ջան-ջիգյարով ինչ մի հատ կինո են սկսել։ Ես ի սկզբանե եմ ասել, որ մեր հակառակորդը Նիկոլը չէ, Տավուշի սահմանագծման գործի հետևում ԱՄՆ-ն էր կանգնած, Բլինքենը չորս օրում հինգ հայտարարություն արեց։
Ինչպես 2018-ին էր, որ կար հավաքական Արևմուտքի, Թուրքիայի ու այլ ուժային կենտրոնների կոնսենսուսը, հիմա էլ կոնսենսուս կա պահել Նիկոլ Փաշինյանին, մինչև ինքն իր սև գործը պրծնի, իսկ երբ պրծնի, բոլորը միահամուռ կասեն՝ Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ։ Նիկոլն այդքանը հասկանում է ու հնարավորինս ձգում է ժամանակը։
– Այսինքն, ամեն ինչ անիմա՞ստ է:
– Ուզում եմ ասել, որ պետք է հաշվի առնենք, թե մենք ում դեմ ենք պայքարում, որ ուժերն այս պահին անհամաչափ են։ Մենք Նիկոլի ու ՔՊ-ի հետ գործ չունենք, կա կոնսենսուս, սա պետք է հասկանանք, որպեսզի հաղթենք, պետք է մտավոր, ռեսուրսային ու ամեն ձևի կենտրոնացում ու միավորում։ Սրանց թվում է, թե Նիկոլը քայլելով եկավ, իրենք էլ կարող են, մեռանք ասելով, որ Նիկոլը չի քայլել, բերել են, երրորդ նախագահը մեռավ ասելով՝ ես Նիկոլին չեմ պարտվել, ես պարտվել եմ առավել հզոր ուժերի, մեռանք բացատրելով։
Նիկոլն էլ ժամանակ է ձգում, հիմա էլ ուրիշ խաղ է սկսել՝ ԵՄ մտնելու կեղծ օրակարգն է առաջ տանում։ Նիկոլը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, Նիկոլն աթոռամետ է, իր աթոռի համար ով այդ պահին ձեռք կտա, նրա կողմն էլ կանցնի, նրան հետաքրքիր չէ՝ Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր կլինի, նրան հետաքրքիր է մի բան, որ իր տակը լինի աթոռ, իսկ էդ աթոռը կկառավարի Երևան քաղաքը, թե՞ միայն հրապարակը՝ դա հետաքրքիր չէ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Պարոն Աշոտյանը գիտի՝ ինչքան Նիկոլն իշխանություն եղավ, ինքը նստելու է, դա մենք էլ գիտենք. Էդուարդ Շարմազանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.