Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքին՝ Զախարովան, մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը, նշել է․ «Դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակին»։
Ինչ վերաբերում է Երևանում Ռուսաստանի դեսպանին, ապա դիվանագետն ընդգծել է, որ Սերգեյ Կոպիրկինը շարունակում է իր աշխատանքը։
«Երկրի ղեկավարությունը գնահատում է մեր դեսպանների գործունեությունը, բայց ինձ թույլ կտամ նշել, որ նրա (Կոպիրկինի - խմբ․) աշխատանքի արդյունավետությունը կասկածից վեր է»,- ընդգծել է նա։