Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջորջ Քլունին, որը Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ դոնորներից է, նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ նախագահական մրցապայքարից:
Հոլիվուդյան աստղի խոսքով՝ «Բայդենն իր կարիերայի ընթացքում շատ մարտեր է հաղթել, սակայն ժամանակի դեմ մարտը չի կարող հաղթել»:
«Ես Ջո Բայդենին սիրում եմ, բայց մենք նոր թեկնածուի կարիք ունենք», - ընդգծել է նա:
Քլունին այս մասին գրել է New York Times պարբերականում՝ ընդգծելով, որ «ցավով է նշում, բայց Ջո Բայդենը, որին նա հանդիպել էր երեք շաբաթ առաջ դրամահավաք միջոցառման ժամանակ, 2010 թվականի Բայդենը չէր»:
«Նա նույնիսկ 2020 թվականի Ջո Բայդենը չէր: Նա այն նույն մարդն էր, որին բոլորս տեսանք բանավեճի ժամանակ»,- ասել է Քլունին։
Բայդենի թիմը պատասխանել է հոլիվուդյան աստղին, մասնավորապես՝ անանուն աղբյուրը ամերիկյան լրատվամիջոցներին ասել է. «Նախագահն ավելի քան 3 ժամ մնացել է դրամահավաքին, իսկ Քլունին արագ լուսանկարվեց և հեռացավ»:
Իր հոդվածում Քլունին գրել է. «Մեր կուսակցության առաջնորդները պետք է դադարեն մեզ ասել, որ 51 միլիոն մարդ չտեսավ այն, ինչ մենք տեսանք: Խոսքը տարիքի մասին է: Այս թեկնածուով մենք չենք կարող հաղթել նոյեմբերին»:
Քլունին հավելել է, որ իր մտահոգությունները համընկնում են Կոնգրեսի «յուրաքանչյուր» անդամի կարծիքի հետ, ում հետ նա խոսել է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդենի չափազանց անհաջող ելույթն էր այդ բանավեճում: