ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն: Նա նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում:
«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,–ասաց Քարդինը:
Սենատորը հավելեց, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև:
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»,–ասաց սենատորը:
Նա վստահեցրեց, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել: