ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին, օգտագործելով այդ հանգամանքներով պայմանավորված վերջինիս մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, առաջարկել է նրան Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել է հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում:
Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում 55–ամյա տղամարդը 47–ամյա տղամարդուն չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Սպանության ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով՝ նա 47–ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի ժամկետով անասնապահի աշխատանք կատարելու մասին, հակառակ պարագայում նա պետք է վճարի 55–ամյա տղամարդու կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը:
Դրանից կարճ ժամանակ անց 47–ամյա տղամարդու կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է նշված վայրից, իսկ 2018թ․ նոյեմբերի վերջերին, 55–ամյա տղամարդու պահանջով, անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար 47–ամյա տղամարդը մոր հետ տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, որտեղ բնակվել են անասնագոմի մեջ առանձնացված սենյակում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից:
55–ամյա տղամարդը, 47–ամյա տղամարդու անձնական կախվածությունը և վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս շահագործումը շարունակելու նպատակով, 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ստիպել է, որ բացի անասնապահի աշխատանքից, կատարի նաև շինարարական աշխատանքներ և ապահովի անասունների բուժումը։
Անասունների սատկելու դեպքում 55–ամյա տղամարդը մեղադրել է 47–ամյա տղամարդուն և նշել, որ վերջինիս 2.000.000 ՀՀ դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15.000.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված տարիների ընթացքում 47–ամյա տղամարդն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25.000 ՀՀ դրամ գումար:
Այդ ընթացքում 55–ամյա տղամարդը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, 2019 թվականի սեպտեմբերին, որպես պարտավորությունների կատարում, ինչպես նաև 47–ամյա տղամարդու նկատմամբ մեղմ վերաբերվելու դիմաց, պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47–ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:
Արարատի մարզի բնակչին հաջողվել է ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նշվածի կապակցությամբ ստացվել են համապատասխան օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո վերջինս և նրա մայրը ներկայացրել են համապատասխան հաղորդումներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: