«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը
– Պարո՛ն Բլեյան, գործադիրի նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարեց, թե դպրոցը միայն աշակերտի համար է, որ մենք մինչ օրս սխալ ենք հասկացել դպրոցի դերն ու նշանակությունը։ Ո՞րն է կամ ո՞րը պետք է լինի դպրոցի դերը մեր կյանքում։
– Ակնհայտ է, որ դպրոցը համակեցություն է, այն բաց, համայնքային, դրա համար էլ մեր դպրոցի հոմանիշներից մեկը հանրային դպրոցն է, այսինքն՝ հասարակության, հասարակ, սովորական մարդու դպրոց, որն իհարկե համակեցություն է։ Այնտեղ և՛ սովորողներն են, և՛ ուսուցիչները, պատվիրատուն՝ ծնողը, հասարակությունը, այն չի կարող չլինել համակեցություն, որովհետև այդ համակեցությունն է, որ նաև դառնում է հանրակրթության բուն բովանդակություն, այդ համակեցության կազմակերպումը, այստեղ խնդիրն այն է, թե այդ համակեցության առանցքում ի՛նչն ենք դնում։
Իտալացի գրող Ջանի Ռոդարին մի գիրք ունի, որը կոչվում է «Ստեղծագործական երևակայության քերականություն», որում խոսում է երևակայության, ֆանտաստիկայի ու դպրոցի մասին։ Այս գրքի մի գլուխն ամբողջությամբ այդպես էլ կոչվում է՝ «Երևակայություն, ստեղծագործություն, դպրոց» (196-197 էջեր, pdf-ով՝ 189-190)։ Նա դպրոցի գլխավոր խնդիր առանձնացնում է երևակայության, ստեղծագործության զարգացումը։
Մեզանում շատ նշանակություն է տրվում հիշողության վերարտադրությանը, բայց այնպիսի որակների, ինչպիսիք են ստեղծագործելը, երևակայության՝ ֆանտաստիկայի զարգացումը, դրանց քիչ նշանակություն է տրվում։ Համոզված եմ, որ ստեղծականությունը նաև առանցք է, այն կարող է հավաքել։ Այդտեղ կա նաև մի շատ համոզիչ ձևակերպում, որ կա մի առարկա, դա մեր իրականությունն է, մեր կյանքը, որում մենք ապրում ենք, ու այդ կյանքի ուսումնասիրումն ու քննարկումը իր բոլոր դրսևորումներով, բոլոր դիրքերից, բոլոր մասնակիցներով։
Ռոդարին նաև պատասխանում է այդ հարցին՝ իսկ ուսուցի՞չը։ Նա չի էլ բաժանում դպրոցն ուսուցիչների, սովորողների, ինքն օգտագործում է «մեծեր, փոքրեր»։ Երևակայության դպրոցը, որը ուրախ դպրոց է, հաճույքի, հրճվանքի դպրոց է, որովհետև գործ ունենք մտքի աշխատանքի հետ, մտածողության զարգացման հետ, ինքը դրա այլընտրանքը տեսնում է մանկական գաղութում։ Դպրոցների մեծ մասը նա անվանում է մանկական գաղութներ, մտածում է, որ մեր աչքի առաջ այդ գաղութի պատերը պետք է փլուզվեն, այսինքն՝այդ երրորդությունը՝ երևակայություն, ստեղծագործություն, դպրոց, դիտենք մեկ հարթության վրա ու այդ համակեցությունը փորձենք հաստատել, որտեղ ուսուցիչը երեխաների մեջ է, նրանց հետ է։
Այդ ուսուցիչը փորձ է փոխանցում ու օգնում երեխային, որ նա առավելագույնս դրսևորի իր ստեղծականությունը, զարգացնի երևակայությունը, իր կյանքը փոխի, չվախենա փոփոխություններից, այդ փոփոխությունների կրողը լինի։ Դա մի կյանք է, որ դպրոցում է, իսկ դպրոցը հասարակության մեջ է, այն չի կարող փակ լինել, այն պետք է անպայման բաց լինի, և հասարակության բոլոր անդամները պետք է զգան այս պատասխանատվությունը, որ գործ ունեն երեխայի հետ։ Իմ թվարկած այս մասնակիցներից որևէ մեկը ո՞նց կարող է օտարվել դպրոցից, այն էլ՝ ուսուցիչը։
Ինչ վերաբերում է ուսուցչին․ ցավոք սրտի, այդքան էլ օգտագործել են, չէ՞, իբր, դպրոցը մինչև հիմա եղել է ուսուցչամետ, հիմա պետք է ստեղծել երեխայակենտրոն դպրոց։ Ես երբեք չեմ օգտագործել այդ բառը, որովհետև իրականում երբեք ուսուցչակենտրոն չի եղել, ի՞նչ է որոշել ուսուցիչը, շատ քիչ բան: Ուսուցիչը զուրկ է եղել իր երևակայությունը, ստեղծականությունը լիարժեք դրսևորելու հնարավորությունից։ Մենք լավ ուսուցիչ ասելով՝ հասկացել ենք հրահանգները լավ կատարող, կարևոր չէ՝ հրահանգներն ումից են գալիս, ավելի վատ, որ դրանք գալիս են պետությունից, առաջին դեմքից, որովհետև խոսքն անձնական պատասխանատվության մասին է, որովհետև ուսուցիչը հանրային գործիչ է՝ իմ կարծիքով, կամ պետք է լինի այդպիսին, այն առումով, որ հասարակության առաջ պետք է պատասխան տա իր գործողությունների համար, որ հետո չասի՝ ես մեղավոր չեմ, ինձ ասում էին, պարտադրում էին։
– Մեր հանրակրթական դպրոցներն այսօր որքանո՞վ են ձեր ասած այդ բաց ու զարգացող կառույցը։
– Ես չեմ ուզում գնահատողի դերում լինել, ուղղակի այդ մանկական գաղութների պատերը պետք է փլուզվեն մեր աչքի առաջ, որովհետև դրանք վտանգավոր գաղութներ են։ Գերմանացի փիլիսոփա, մանկավարժ Դիստերվեգն ասում էր, որ յուրաքանչյուր ուսուցիչը հայտնվում է երեք դևերի ճանկերում, որոնք մշտապես խժռում են իրեն։ Դրանք են՝ տափակությունը, սահմանափակությունը և մեխանիկականությունը։
Մենք պետք է իմանանք, որ այս վտանգը յուրաքանչյուր ուսուցչի համար է, ու առավելագույն ջանքեր են պետք այս դևերից ազատվելու համար, որովհետև մենակ որ թողնես, դրանք ուսուցչին կխժռեն որևէ մի փուլում։ Ասածս այն է, որ դատավորի կեցվածք չպետք է ընդունել, այլ՝ ում լծակները որ շատ են, փորձեն օգտակար լինել։ Մենք մեր Բլեյան դպրոցով փորձել ենք օգտակար լինել, փորձ փոխանցել, ու հիմա ինձ հաճույք չի պատճառում քննադատելը, վերևից նայելը։ Ուսուցչին ամենամեծ օգնությունը Ռոդարիի այդ երրորդությունն է, պարտադրանքն ամենավտանգավոր բանն է։
– Պարո՛ն Բլեյան, ըստ էության, հիմա չկան այդ կարևոր կետերը, որոնք դուք մատնանշում եք, որովհետև բողոքները դպրոցներից ու նաև բուհերից շատ են թե՛ մասնագիտական մակարդակում, թե՛ հանրության մյուս շերտերի մեջ։
– Դե, ես ասացի այն, ինչը կուզեմ որ լինի, իհարկե, այսօր էլ կան այդ դպրոցները, կան այդ միջավայրերը, կան հարյուրավոր լավ ուսուցիչներ, որոնց համար դա իրենց կյանքի գործն է, իրենց դպրոցն է, իրենց ստեղծածն է։
Դպրոցը պետք է հիմնված լինի ընկերության վրա՝ ուսուցչի ու սովորողի, ինչպես այն կա Բլեյան դպրոցում։ Դա համակեցություն է, միասին ապրել է, ու այն պետք է լինի ուրախ, առանց վախերի։ Այն պետք է լինի բաց, որովհետև այն հասարակության դպրոցն է, ու հասարակությունը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում իր դպրոցում, հասարակությունը նաև պետք է լիարժեք մասնակցի այդ համակեցությանը։ Դպրոցի, մանկապարտեզի ու ընդհանրապես մեր հաջողությունները պետք է կարողանանք կառուցել ընկերության մթնոլորտի, ընկերական սիրո ու համերաշխության վրա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post «Դպրոցը պետք է հիմնված լինի ընկերության վրա՝ ուսուցչի ու սովորողի, դա համակեցություն է, միասին ապրել է, ուրախ, առանց վախերի». Բլեյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.