ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։
Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:
Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով, միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: