Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վուչիչի համոզմամբ՝ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունից խուսափելը գրեթե անհնար է, և իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի արևմտյան և արևելյան երկրների ներգրավմանը ռազմական հակամարտությանը։
«Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա, դրանք պարզ, հստակ, միանշանակ բաներ են։ Եվ երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մենք ստանում ենք Եվրահանձնաժողով, որը նախորդ ակնհայտորեն հակառուսական դիրքորոշումից էլ ավելի արմատապես հակառուսական դիրքորոշում կունենա», - ասել է Սերբիայի նախագահը` նկատի ունենալով առանցքային պաշտոնում Կալլասի ընտրվելը։
Նա իր կարծիքը բացատրել է այն փաստարկով, որ Կալլասի մուտքը ՌԴ արգելված է՝ պայմանավորված նրա հակառուսական դիրքորոշմամբ:
«Այսինքն՝ ընտրում են մարդու, որը չի կարողանա մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք առաջիկա 4-5 տարին», - ասել է նա:
Այս առումով, ըստ նրա, Ռուսաստանը բոլոր առկա միջոցներով ու ուժերով կպայքարի մինչև վերջ։
Սերբիայի նախագահը հավելել է, որ հետախուզական ծառայություններից անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում այն մասին՝ «ով ինչպես է պատրաստվում և ինչ է կատարվում»։