Ֆրանսիայում սկսվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Երկրում ընտրելու իրավունք ունի 49,5 միլիոն բնակիչ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կգործեն մինչև 18:00-ն, հայտնում է Euronews-ը:
Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։
Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։
Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը
Վերջերս ԵՄ ամբողջ տարածքում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայում ջախջախիչ հաղթանակ էր տարել Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր «Ազգային միավորում» կուսակցությունը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։