ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում կառավարումը:
Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նրանք քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ նախաձեռնվող ջանքերը, որոնք կապահովեն բոլոր պատանդների ազատ արձակումը և կթեթևացնեն պաղեստինցիների տառապանքը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու և Գազայում օգնությունը ՄԱԿ-ի հետ լիակատար համակարգմամբ բաշխելու համար», - նշված է հաղորդագրությունում։
Բլինքենը Գալանտին ներկայացրել է գործադրվող ջանքերն՝ ուղղված հետպատերազմյան շրջանում Գազայի հատվածի անվտանգությանը, կառավարմանը և վերակառուցմանը և շեշտել «այդ աշխատանքի կարևորությունն Իսրայելի անվտանգության համար»։
Պետքարտուղարը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ «ընդգծել է, որ կարևոր է խուսափել հակամարտության հետագա սրումից և գտնել դիվանագիտական լուծում, որը թույլ կտա իսրայելցիների և լիբանանցիների ընտանիքներին վերադառնալ իրենց տներ»: