ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի
հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Հարավային Կովկասում խաղաղության, տևական կայունության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանազատման գործընթացը, և այժմ շատ կարևոր է ապահովել այս գործընթացի շարունականությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին խաղաղության հաստատման և ապագայում ցանկացած սադրանքից խուսափելու համար: Ամենակարևորն ավարտին հասցնելն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Մենք Ադրբեջանին ուղարկել ենք շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ ենք առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպես նախկինում առաջարկել ենք: Ցավոք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանք չկա: Ավելին, Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նպատակի առնչությամբ անկեղծ լինելու հարցում», - ասել է Միրզոյանը:
Նա խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից՝ ընդգծելով, որ դրա կյանքի կոչումը կարող է մեծ օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանին, այլև դրա սահմաններից դուրս: