Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ հրապարակել է համաշխարհային վարկանիշային միավորների նոր աղյուսակը:
Ազատ ոճայինների ցանկը կազմելիս հաշվի են առնվել նաև Բուդապեշտում օրերս կայացած միջազգային մրցաշարի արդյունքները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որքան բարձր է ըմբիշի դիրքը դասակարգման աղյուսակում, նա այնքան ավելի բարենպաստ մրցակցային վիճակ կունենա:
Ազատ ըմբշամարտի ցանկում Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ) 41 000 միավորով երրորդն է, Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) ունեն համապատասխանաբար 52 500 և 54 000 միավոր ու գլխավորում են իրենց քաշային կարգերի առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանի քաշային կարգը օլիմպիական չէ:
Հունահռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 52 000 միավորով աղյուսակում առաջինն է: Նրա թիմակիցներ Սլավիկ Գալստյանը (67 կգ ՝ 35 000 միավոր) և Մալխաս Ամոյանը (77 կգ՝ 46 000 միավոր) չորրորդն են իրենց քաշային կարգերում: Առաջին տասնյակում են նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ ՝ 34 400 միավոր) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ ՝ 33 100 միավոր) և զբաղեցնում են համապատասխանաբար հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականները:
Հիշեցնենք՝ Գևորգ Ղարիբյանին, ավաղ, չի հաջողվել նվաճել օլիմպիական ուղեգիր, իսկ Հրաչյայի քաշային կարգը օլիմպիական չէ: