Հեռուստացույցի մեջ մարդիկ աղմկում էին։ Ցնցում էին ծանր դարպասները։ Բղավում էին։ Երեխա էի։ Մինչ ծնողներս հետևում էին էկրանից մեր բնակարան լցվող աղմուկին, ես ուսումնասիրում էի հին հունական լեգենդների մասին պատմող մանկական գրքից ինձ նայող Կիկլոպին։ Միաչքանի հրեշը զննում էր ինձ։ Դարպասները ջարդեցին։ Մարդկանց հոսքը ներխուժեց շենք։ Ես փակեցի գիրքը։
Հետո իմացա, որ շենքը Ազգային ժողովն էր։ Աղմուկն էլ` ժողովրդի ցասումը։ Սա թերևս իմ առաջին քաղաքական հիշողությունն է` համեմված Կիկլոպի դառը հայացքով։
Հաջորդ օրերին բակում պարան խաղացող աղջնակներով քննարկում էինք Ազգային ժողով ներխուժած մարդկանց։ Մենք չգիտեինք՝ դա ինչ է։ Բայց ծնողների լարված զրույցները հուշում էին, որ կարևոր է։
Մենք պատկերացում անգամ չունեինք, որ սա քաղաքական այն ատելության տրամադրությունն է, որ իր ափերից դուրս եկել լցվել է փողոցներն ու անգամ մեր խաղի մեջ։ Եվ, իհարկե, մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այս երևույթը լինելու է մեր երկրի քաղաքական կյանքի հիմնական դրսևորումը՝ ատելության ալիքներ ալեկոծելով 1998-ին, 2008-ին, 2016-ին, 2018-ին, 2020-ին, 2021-ին… և հիմա։
Պատերազմից հետո, քրոնիկ պատերազմական լարվածության ընթացքում և, իհարկե, պարտությունից հետո խոսույթները հանրության մեջ ծայրահեղանում են։
Ուժեղանում է բևեռացումը։
Այս հարցում մենք միայնակ չենք։ Սոցիոլոգները բազում հանրություններ են ուսումնասիրել։ Ամեն ինչ համընկնում է։ Եթե դու ապրում ես քրոնիկ պատերազմի սպառնալիքի միջավայրում, քեզ համար «էս երկրում ապագա չկա»:
Մարդը լարվում է, մարդը սկսում է տագնապ զգալ, տագնապը դառնում է քրոնիկ, ֆոնային։ Եվ սեփական կյանքի ճանապարհին տեսողականությունը, ինչպես գիշերային ժամերին, ընկնում է։ Մենք սկսում ենք անվերջ խոսել անցյալից, քանի որ, ի տարբերություն ապագայի, այն արդեն մեզ ոչ մի անսպասելի արհավիրք չի բերի։ Ապագան մութ է։ Տագնապը` շատ։
Եվ ի՛նչ է անում մարդը այս պարագայում։ Հետևում է իր բնազդներին։
Մի ծանոթ տղա ժամանակին ինձ ասաց, որ Ստեփանակերտի ռմբապաստարանում ծեր պապիկի գուլպայի տհաճ հոտից անգամ մարդու սիրտ հանգստանում էր։ Սա մարդկային բնազդն է։ Տագնապի և վախի պայմաններում մարդիկ «կպնում» են իրար։ Սա մեր միակ էվոլյուցիոն ուժն է։
Բայց գիտնականները վաղուց պարզել են, որ նույն հորմոնները, որոնք մեզ ստիպում են սիրել մերձավորին, ստիպում են նաև ատել օտարին։ Եվ վա՛յ այն հասարակությանը, որ օտարներ է փնտրում մերձավորների մեջ։
Ինչու պատմեցի այս ամենը։ Այսօր մենք ունենք հասարակություն, որ տագնապից կծկվել է։ Ունենք իրականություն, որտեղ խոսույթներն այնքան են ծայրահեղացել, որ կողմերն արդեն այրում են հետագայում երկխոսության որևէ հնարավորություն տվող բոլոր կամուրջները։ Թիրախավորվում են մեդիան և մարդիկ։ Նրանք, ովքեր պիտի խոսեին, ընտրովի լռում են։ Պետք է հասկանալ, որ խոսքի ազատությունը հաճելի աղանդեր չէ հասարակության համար։
Սա սեփական դեմքը մանրամասն տեսնելու կարևոր նախապայման է։ Այն պարտավոր չէ հաճելի լինել, դիմացինի կարծիքն էլ պարտավոր չէ սիրտ շոյել։ Այն պետք է չարաբաստիկ բժշկական հայելու նման ցույց տա հասարակության բոլոր բշտիկները, մազանոթներն ու կնճիռները։
Ուրիշի կարծիքի և անգամ լռության դեմ կարելի է պայքարել միայն այն դեպքում, երբ նպատակդ հակառակորդին ոչնչացնելն է, անգամ եթե այդ հակառակորդը քո իսկ ազգի մասն է։
Այսօր ազնիվ լրագրողները փորձում են աշխատել ընդդիմության և իշխանության կրակահերթերի արանքում։ Եվ եթե իշխանությունը իր ծայրահեղական կեցվածքով փորձում է ամուր գամվել սեփական աթոռին, ապա անհասկանալի է, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ Չնայած հարցը հռետորական է։
Չեմ կարծում, թե այս ծայրահեղության հետևում չոր հաշվարկ կա։ Խմբերն ատում են իրար, ատում են չեզոքներին, կասկածում մերձավորներին, ամեն տեսակ հանդուրժողականություն թիրախավորում որպես դավադիր քայլ։ Ցնորքի և ատելության հակադիր ճամբարները բոլորից բարձր են գոռում, քանի որ բանը բանից անցել է։ Քանի որ պատերազմի հոտ է գալիս անգամ առավոտյան սուրճից, ու տագնապը թույլ չի տալիս մտածել։
Միֆական Կիկլոպը ուժեղ է, աժդահա, բայց ունի մի աչք։ Եվ այսօր, նայելով մեր հասարակությանը, ես տեսնում եմ, որ այդ կիկլոպը մենք ենք։ Մի աչք ունի մեր քաղաքացիական հասարակության մի մեծ մասը, որ տեսնում է բախում հրահրած ընդդիմադիրներին և չի տեսնում չափն անցած ոստիկաններին։ Մի աչք ունեն քաղաքական վերլուծաբանները, որ, օրինակ՝ տեսնում են Ռուսաստանի հանդեպ Հայաստանի գործած սխալները, չեն տեսնում Մոսկվայինը և հակառակը։
Մի աչք ունի իշխանությունը, որ տեսնում է իր ընտրողի ժպիտը և չի տեսնում իրեն մերժողի ցավը։ Մի աչք ունի խորհրդարանական ընդդիմությունը, որ տեսնում է ներկա իշխանության սխալները, բայց չի տեսնում տասնյակ տարիների իր ոչ կոմպետենտ վարքը։
Մի աչք ունենք բոլորս, որ հրաժարվում ենք շունչ քաշել ու լսել դիմացինին։ Փորձել մի պահ հասկանալ կամ հասկացնել։ Այսպես իրար վրա հարձակվելով՝ գուցե տանք մեր մյուս աչքն էլ հանենք, ու մեզ կմնա հավերժ խարխափել մեր մթության մեջ։
Իսկ մինչ մենք իրար ենք մեղադրում, դրսում իրական օտարները միֆական չար հսկաների պես մետաղադրամը նետում են երկինք՝ պարզելու համար մեր ճակատագիրը` գիր թե ղուշ…
Լիանա Խաչատրյան
MediaLab.am
The post Մի աչքով. կամ սեփական քունքին դրված ատրճանակը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.