«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունով։
«Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբովյան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է հունիսի 7-ին, ժամը 00:30-ից։
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնհինգ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
The post Գազալցակայանում պայթյունի պատճառով դադարեցվել է Աբովյան քաղաքի գազամատակարարումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.