Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան հեծանիվ է վարեկ մի խումբ քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար։
«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվն ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»,- լուսանկարին կից գրել է նա։
Վարչապետին է միացել նաև ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով ևս լուսանկար է հրապարակել հեծանվային զբոսանքից՝ կից գրելով․ «Քանի դեռ քաղաքը քնած էր»։
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր իր հետ հեծանիվ վարելու՝ առաջադրելով 4 պայման։
«Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը:
Եթե ուզում եք միանալ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ», - նշել էր վարչապետը: