Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
«ԵՄԿԽ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», – Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների ղեկավարները։ ԵՄԿԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ:
Ներկայում ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի դիտորդներ են հանդիսանում Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։
The post Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.