Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնականը՝ կարևորելով նախատեսվող երկկողմ հանդիպումը, հայտարարել է, որ քննարկման շատ հարցեր կան, և երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի։
«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին -խմբ․) նախագահն անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական բարեկամական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալվում է, բաց կքննարկվեն ղեկավարների միջև։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակով հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեև դեռ դուրս չի եկել դրանից։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ ՀՀ-ն միևնույն ժամանակ չի մասնակցում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։
ՌԴ նախագահի օգնականը կուտակված հարցերի թվին է դասել Արևմուտքի հետ Հայաստանի կողմից երկխոսություն զարգացնելը, ներառյալ՝ Եվրամիությանն անդամակցելու տարբերակների դիտարկումը, և ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը, որոնք ըստ նրա, երկու երկրների առաջնորդների միջև քննարկման կարիք ունեն։
Խոսելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ քաղաքական գործիչները բավական երկար ժամանակ չեն հանդիպել․ վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
The post Կրեմլի ներկայացուցիչ հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.