Լուրերի վիրտուալ հաղորդավարներն արհեստական բանականության շնորհիվ այնքան են կատարելագործվել, որ պետական կազմակերպությունները դրանք օգտագործում են իրական մարդկանց փոխարինելու և գումար խնայելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ Հարավային Կորեայի իշխանություններն աշխատանքի են վերցրել J-na կոչվող վիրտուալ հաղորդավարուհուն՝ վարելու համապատասխան յութուբյան ծրագիրը:
Խոսքը հարավկորեական Ջեջու կղզու նահանգային կառավարության մասին է, որի ամենշաբաթյա լուրերի թողարկումը յութուբյան հարթակում վարում է J-na-ն:
Ըստ նահանգային իշխանությունների՝ վիրտուալ հաղորդավարուհուն աշխատանքի վերցնելը շատ ավելի էժան տարբերակ է, քանի որ J-na-ի ծախսը կազմում է ընդամենը 600,000 վոն (450 դոլար) ամսական:
«Մարդ հաղորդավարների աշխատանքը զգալի ծախսեր է պահանջում, ուստի մենք այլընտրանք փնտրեցինք և ընտրեցինք J-na-ն», - The Korea Herald-ին ասել է Ջեջու կղզու պաշտոնյան: