Իմ ընկերություններում հարյուր անգամ ստուգումներ են կատարվել, քրեական գործեր էլ կան հարուցած և դարձյալ շարունակում են ստուգել:
Այս մասին «Կենտրոն» հեռուստատեսության «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իր հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազության հարուցած գործից:
«Բարոյական կողմը ես չեմ հասկանում, որ մարդն այսքան արել է իր երկրի համար, մտածել իր պատվի համար և նման գործ կա. ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ոչ այլ գործ եմ ունեցել: Ամեն ինչ ստուգել են, շատ էլ լավ են արել, թող ստուգեն, ես շատ հանգիստ եմ, որտեղ ստուգումներ են արել թղթապանակ ենք գտել, որտեղ եղել են բոլոր հաշվետվությունները, մենք խնդիր չունենք, բոլորը պարզ է»,- նշեց նա և շեշտեց, որ հետո պարզ կլինի, թե որն է այս ամենի նպատակը:
«Կառուցել եմ եկեղեցիներ, գործարաններ, մարզադպրոցներ, ֆինանսավորել եմ, սպորտսմեններ եմ բերել, մեքենաներ եմ բաժանել, օլիմպիական չեմպիոններին գումարներ եմ տվել: Դատախազությունն է ասում, որ Ծառուկյանի ընտանիքն 1980-ական թվականներից աշխատել է: Այո, հանրություն էլ գիտի, հարևանություն էլ գիտի, աշխարհն էլ գիտի, թե ինչից ենք սկսել: Ծնողներս 90-անց են, բայց աշխատում են, ընտանիքս աշխատում է, այսօր 70 հատ բիզնես ունենք: Բոլորից էլ օգնել եմ, աջակցել՝ սկսած արվեստից, կրթությունից»,- մատնանշեց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը և նրան փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի գործով: Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս: