«Ռոլան Գարոսի» առաջին փուլում դժվարին հաղթանակից հետո Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ այս հանդիպմանը խաղում էր բոլորի դեմ, այդ թվում՝ իր:
«Ուրախ եմ Փարիզում լինելու համար: Ես այստեղ հաջողությունների հասել եմ, «Ռոլան Գարոսն» իմ սիրելի մրցաշարերից է: Կոնստանի հետ մրցելն այսօր բարդ էր, քանի որ բոլորդ նրան էիք երկրպագում: Ես խաղում էի բոլորի դեմ՝ նրա, տրիբունաների, իմ:
Գիտեմ, որ նա մի քանի ամիս վնասվածքով պայմանավորված խնդիրներ է ունեցել ու մոտիվացված էր՝ տնային մրցաշարին լավ մասնակցելու համար: Իսկ ես այնքան էլ հաջող չսկսեցի. կորտն անհավանական դանդաղ էր, չէի կարողանում խաղարկումները կազմակերպել այնպես, ինչպես ցանկանում էի: Հետո ընտելացա, ամբողջությամբ փոխեցի լարվածության կենտրոնը, ու դա օգնեց: Ես շատ ավելի լավ ավարտեցի խաղը, քան սկսեցի: Բայց ֆիզիկապես ու հոգեպես անհավատալի ծանր էր»,- հանդիպումից անմիջապես հետո խաղահրապարակում ասել է Խաչանովը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում 3 ժամ 37 րոպե տևած ծանր պայքարում 0-2 հաշվից հետո քամբեք էր կատարել ու 3-2 հաշվով (3-6, 1-6, 6-2, 6-1, 6-3) հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ, 69-րդ ռակետ Կոնստան Լետյենին:
Երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի մոլդովացի Ռադու Ալբոտի հետ (111-րդ ռակետ):
Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական փուլը մեկնարկել է մայիսի 28-ին ու կավարտվի հունիսի 11-ին: «Ռոլան Գարոսի» գործող հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշարը:
The post Խաչանովը՝ 3-2 հաշվով հաղթանակի մասին. «Խաղում էի բոլորի դեմ» appeared first on ԳԱԼԱ.