Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի երրորդ մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ մասնակցեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:
Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը:
Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:
Խրախուսական պագևներ են ստացել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ՝ 53-ամյա Նազելի Մանուկյանը և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ, նշեց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերով նախևառաջ ընդգծվում և կարևորվում է պետություն- քաղաքացի կապը:
««Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Այս մրցաշարերի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի իրենք իրենց հետ մրցեն և, որպես պետության իրավատեր, ապացուցեն, որ մեր ուժեղ, բարեկեցիկ և ինքնիշխան պետություն ունենալու կամքը անսասան է: Երևի պետք է արդեն հաջորդ փուլին մոտենանք միջազգայնացնելով թե՛ խճուղային հեծանվավազքի, և թե՛ լողի մրցաշարերը, ինչը կօգնի ընդլայնել մաշտաբները և կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,- նշեց ՀՀ վաչապետը;
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս կերպ մասսայական սպորտի միջոցով ձևավորվում է նոր մշակույթ: Նա նշեց, որ եթե «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարերը լիովին կայացած են, ապա հեծանվավազքի պարագայում փոփոխությունների կարիք կա:
«Կազմակերպչական և մրցավարական առումով խնդիրներ չկան, մասնակիցների կողմից խանդավառոություն ևս կա, բայց մասնակիցների քանակը այնքան էլ չի գոհացնում և աճելու տեղ կա: Մենք կուսումնասիրենք, վերլուծություններ կանենք և կիրականացնենք արմատական փոփոխություններ: Կան մարդիկ, ովքեր այնքան էլ լավ հեծանիվներ չունեն և, գիտակցելով, որ չեն կարողանալու մրցակցել, հրաժարվում են մասնակցել: Միգուցե պետք է հեծանիվներ տրամադրենք, կամ էլ պետք է աշխատենք մրցաշարը միջազգայնացնելու ուղղությամբ: Վստահ եմ՝ մյուս տարի բոլորովին այլ մրցաշար կտեսնեն: Նույն խնդիրը ունենք նաև լողի մրցաշարի պարագայում, և, միգուցե, հենց այս տարվանից էլ այն աշխատենք միջազգային դարձնել, որպեսզի մասսայականացնենք»,- ասաց Գիլոյանը:
Երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: