Ուզում եմ այս հարցը ուղղել հայկական կողմին՝ ինչպե՞ս են նրանք տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են, որը ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցից անկախ, Երևանը շարունակում է մտածել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից։
«Բառացիորեն վերջերս բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարից ուղիղ խոսք լսեցինք այն մասին, թե իրենք (Հայաստանը) ինչ են մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Սա պաշտոնական դիրքորոշում է, մարդն իրավասու է նման հայտարարություններ անել։ Հաստատվել է, որ մշակվում է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը։ Սա առաջին բլոկն է, ամենակարևորը։ Երկրորդ կետը՝ քանի քաղաքական գործիչ, այդքան կարծիքների տարբեր մեկնաբանություններ: Ի դեպ, դրանք հնչեղ հայտարարություններով աչքի ընկնելու հնարավորություններ են: Առաջին անգամը չէ, որ լսում եմ հարց այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից» արտահայտությունը, ուզում եմ այս հարցերը ևս մեկ անգամ ուղղել հայկական կողմին, բայց իմ կողմից ավելացնեմ հարցը՝ ինչպե՞ս են նման բան ասողները տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են ՀԱՊԿ-ի դուրս գալը: Եվ ուրեմն ինչպե՞ս են նրանք ֆիքսում մուտքը, չէ՞ որ նրանք ամեն դեպքում ինչ-որ ձևով դա տեսնում են», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «ՀԱՊԿ-ն դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը:
Հարցին, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, այլև իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Սիմոնյանը պատասխանել էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից:
«Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որևէ քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Հաճախ ՀԱՊԿ-ի կողմից սուր արձագանքները հենց սրա պատճառով են: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում», -ասել էր նա: