Երևանն ու Բաքուն լրջորեն ձգտում են խաղաղության, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 7-ին Blair House-ում հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղմանը», - ասվում է Փրայսի հաղորդագրությունում։
Ամերիկացի պաշտոնյան հավելել է․ «Երեկվա հանդիպումը վկայում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկխոսության ակտիվացման ճանապարհով լրջորեն ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը»: