ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել են Արցախում տիրող իրադրությանը: Գրառումները ներկայացնում ենք ստորև.
Վահագն Ալեքսանյան- «Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։
Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ, իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։
Արուսյակ Ջուլհակյան- «Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան:
Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով ագրեսիայի: Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին: Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է: Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան»:
Ռուստամ Բաքոյան- «Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։
Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։
Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է:
Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն` ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իրենց մանդատին համապատասխան»:
Հռիփսիմե Գրիգորյան-«Վերջին օրերի սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետերի եւ ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ:
Երեկ, օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր:
Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլեւ ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ:
Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»։