Աշխարհում առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը, «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրներ՝ Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի հետ հիմնել են նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը:
Triple S-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և սփյուռքում։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։ Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության (Creator economy) և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:
TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը վերջին տարիներին արդեն ներդրումներ է կատարել ավելի քան 15 ստարտափներում և հետաքրքրված է նորարարական ստարտափ մշակույթի զարգացմամբ։
«Մեծ ՏՏ ներուժ կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում։ Ցանկանում ենք բացահայտել երիտասարդ, կենսունակ ձեռներեցների և օգնել նրանց գաղափարները դարձնել իրականություն։ Մեր ներդրումն այս գործում կլինի ոչ միայն ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլև մենթորների և մասնագիտական մեծ ցանցերի հետ կապի ապահովումը։
TripleS-ը ստարտափերներին կառաջնորդի ձեռներեցության աշխարհում։ Մեդիա աշխարհում իմ մեծ փորձառությունը ցույց է տվել, որ մարդկանց և մարդկային ռեսուրսների ընտրության հարցում նուրբ հմտություն և ինտուիցիա ունեմ։ Սա համարում եմ նաև իմ հաջողության հիմնական գրավականներից մեկը։ Սա մեծ բանի փոքր սկիզբն է, համախմբվել է տաղանդավոր մարդկանց հսկայական ներուժ։ Ձևավորվում է հաջողակ ձեռներեցների ակումբ, որոնք իրենց գումարները ցանկանում են ներդնել նորարարական գաղափարներում», - ասում է TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։
Triple S-ը համախմբելու է միջազգային ձեռներեցների, ներդրողների, փորձագետների և մենթորների, որոնք կբացահայտեն տաղանդավոր երիտասարդներին, կառաջանորդեն նրանց գաղափարները իրագործելու ճանապարհին, կստեղծվի ցանց, որտեղ երիտասարդները կստանան իրավական, մարքեթինգային և ֆինանսական գիտելիքներ ու փորձառություն:
«Մենք ամեն տարի կազմակերպում ենք մասշտաբային ստարտափ միջոցառումներ, ինչպիսին հենց Seaside Startup Summit-ն է։ Տեղական վենչուրային հիմնադրամները, հրեշտակ ներդրողները, ինչպես նաև միջազգային աքսելերացիոն մի շարք ծրագրեր երկար տարիներ է ինչ օգտագործում են այս հավաքը՝ որպես ստարտափներ բացահայտելու աղբյուր։ Այժմ ֆոնդը ստեղծում է հարթակ, որը համախմբելու է էկոհամակարգի բոլոր հաջողակ ձեռներեցներին, որոնց աշխատանքի առանցքում մարդն ու մարդու ստեղծած արժեքն է», - նշում է TripleS-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
«Վերջին 5 տարիներին հայաստանյան ստարտափ էկոհամակարգում տեղի են ունենում հիպերակտիվ փոփոխություններ և կարևոր է, որ արդեն հաջողակ ձեռներեցներն առաջնորդություն ստանձնեն նոր ստարտափների կարողությունների զարգացման ճանապարհին։ Մեր ֆոնդը կարևորում է ներդրումները մասշտաբային և խոստումնալից նախագծերի մեջ: Ներդրումներ ենք անելու թե միջազգային, թե հայկական ընկերություներում։ Հիմնադրամը կաջակցի այն ստարտափներին, ովքեր արժեք կավելացնեն և կնպաստեն հայկական բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը», - մեկնաբանում է TripleS-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը։
«Ֆոնդում միավորել ենք հաջողության հասած մեր փորձառու ձեռներեց-գործընկերներին, ովքեր միջազգային տեխնոլոգիական աշխարհում մեծ փորձ ունեցող գուրուներ են։ TripleS-ում խոստումնալից թիմերը օգտվելու են այն հմտություններից, գիտելիքներից և փորձից, որը կուտակել ենք տարիների ընթացքում, ինչն էլ հնարավորություն կտա այդ ստարտափներին զարգանալ արագ տեմպերով»,- ասաց ֆոնդի գործընկեր Զարե Բաղդասարյանը։
Triple S-ը մոտ օրերս կմեկնարկի նաև ԱՄՆ-ում՝ հարավային Կալիֆորնիայում։ Հետագայում նախատեսվում է ընդլայնվել ԵՄ և Մեծ Բրիտանիայի շուկաներում: Վենչուրային ֆոնդը բաց է նոր առաջարկների ու համագործակցությունների համար։
Հիմնադրամի պաշտոնական կայքը: