Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
1. 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։
Նշենք, որ Տիգրան Սիմոնյանն արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս՝ դատավորի պաշտոնից։ Նախկինում նա արդեն մեկ անգամ հրաժարական է տվել դատավորի պաշտոնից, ապա՝ պաշտոնի նշանակվել նախարարությունում՝ որպես փոխնախարար։ Մինչդատական վարույթի կամ այսպես կոչված «կալանքի» դատարանների ստեղծումից հետո Տիգրան Սիմոնյանը «վերադարձել» է Վերաքննիչ քրեական դատարան։