Արթուր Մանուկյանը մի մարդ է, որը կեղծել է սեփական կենսագրությունը, նա բացարձակ չի համապատասխանում ՀՌՀ անդամի պաշտոնին, ընդունելի թեկնածուի չէ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հավելով, որ Արթուր Մանուկյանի ելույթից ևս համոզվեցին, ոլորտի հետ կապված տեսլական չունի, լիրիական, զեղումնառատ զրույց էր։
«Պրպտեցի իր կենսագրությունը, տեսա որ պարոն Մանուկյանը երկու կենսագրություն ունի։ Իր ստորագրությամբ թղթային կենսագրությունը, որը զետեղված է նաև ԱԺ կայքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային գրքույկից քաղվածք էլ կա։ Օրինակ՝ 1996, 2002 թվականներին ներկայացնում է, թե աշխատում է «Ա1» հեռուստաընկերությունում, այդ ժամանակահատվածում ինքը Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության կենտրոնում որպես գործազուրկ է գրանցված եղել և գործազրկության նպաստ է ստացել»,- ասաց նա։
Լիլիթ Գալստյանը մանրամասնեց, որ այլ անհամապատասխանություններ ևս եղել են կենսագրության մեջ։ «Պետք չէր ստել, պետք է աշխատանքային գրքույկում եղածը գրանցել։ Գրված է, որ աշխատել է երեք հեռուստաընկերություններում, պարզվում է՝ նշված թվականներին աշխատել է «Արլեքս»–ում»,-ասաց նա։
Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է անպարկեշտությունը, այն, երբ խոսում են արդարությունից, բայց կիրառում են երկակի ստանդարտներ։ Պատգամավորի խոսքով՝ ՀՌԱՀ-ը իրապես բացառիկ առաքելությամբ օժտված կառույց է՝ հաշվի առնելով նաև այսօրվա իրավիճակը կարևոր դերակատարություն ունի։
«Մեր հասարակությունը շատ խիստ արժեքային ճգնաժամ է ապրում, հասարակության երկփեղկվածությունը կար, երկխոսության բացակայություն կա»,-նշեց նա։