ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997 թվականից հետո միացած երկրներից
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող փոխզիջման գնալ եվրոպական և գործնականում համաշխարհային անվտանգության համար բացարձակ հիմնարար սկզբունքի հարցում: Այն է՝ ցանկացած երկիր ունի իր ճանապարհ ընտրելու, որևէ դաշինքի միանալու կամ չմիանալու իրավունք: Դա է առանցքային սկզբունքը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով, դաշինքը չի կարող ընդունել 1997 թվականից հետո անդամակցած պետություններից զորքը հեռացնելու գաղափարը:
«Դա, ըստ էության, կնշանակի, որ մեր դաշինքի անդամների կեսը զրկվելու է ՆԱՏՕ-ի պաշտպանությունից, այդ դեպքում, տվյալ երկրները ՆԱՏՕ-ում կդառնան յուրօրինակ «երկրորդ դասի» անդամներ, մենք երբեք այդ քայլի չենք գնա»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Յենս Ստոլտենբերգը միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստասնի հետ համատեղ քննարկել ոչ միջուկային սպառազինությունների և միջուկային զենք կրող հրթիռների կրճատումը և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք հնարավոր է հուսալի եղանակով ստուգել ու վավերացնել, ինչը դրական կլինի թե՛ Ռուսաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար:
Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, ապա ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկել է անվտանգության երաշխիքների թեման: Կողմերը համաձայնության չեն եկել, սակայն նշել են, որ կշարունակեն բանակցությունները: