Այս իշխանության ցինիզմը հասել է այն աստիճանի, որ հրապարակավ ընդունում են, որ դավաճան են, բայց ասում են՝ հունիսի 20-ին այդ ամենը իմանալով հանդերձ հասարակությունը իրենց տվեց վստահության քվե։ Այս մասին այսօր «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկմանը ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ընդդիմության ամենամեծ սխալը խորհրդարանական ընտրությունների հետ համաձայնելն էր։ Այս խորհրդարանը Եռաբլուրի արյան ծնունդ է։ Մենք մեր պետականության կորստի սահմանագծին ենք կանգնած»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը հանված է գեոպալիտիկ աճուրդի։
Անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցություններին՝ նա նշեց․ «Հայաստանը բանագնաց է նշանակել, և փոխարեն իրական օրակարգը քննարկվի, մենք քննարկում ենք Ռուբեն Ռուբինյանի ֆեյսը, պրոֆիլը, սանրվածքը, կոստյումը, բայց չենք քննարկում ամենակարևորը՝ Թուրքիան շարունակում է պնդել նախապայմանները»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր տպավորությամբ մենք մեզ համար վիրտուալ օրակարգ ենք ստեղծել։ «Ես մարդկայնորեն հասկանում եմ ընդդիմությանը, իրենք հայտնվել են փակուղում, բայց ընդդիմություն և ժողովուրդ պորտալարը կտրվել է, իրենք չեն կարողանում այդ գործիքը վերականգնել։ Եթե դրսում ժողովուրդ չի լինելու, խորհրդարանում ինչքան ուզում եք ամենասուր, պատմական, հեղափոխական հարցերը տվեք, դուք չեք կարող Նոբելյան մրցանակի արժանի մանիլպուլյատորին նեղը գցել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխանության ինտելեկտուալ կարողություններին, Զոհրաբյանն ասաց, որ իշխանության համար չափանիշ է միայն լեզու իմանալը։ «Իմ վարսավիր Վարդուշը երեք օտար լեզու գիտի՝ ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն, առաջարկում եմ նրան նշանակել Իսպանիայի դեպսան»,-ասաց նա։