Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը:
«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ: Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը` Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է և դարձել է ավտոմոբիլային ճանապարհ:
Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք մոտավոր գնահատական: Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել 200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումն է: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են` 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասաց Քերոբյանը: