Աշխարհի երկրները պետք է տարեկան 100 միլիարդ դոլար ծախսեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի վրա։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Գլազգոյում Կլիմայի համաժողովում (COP26) հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է korrespondent.net-ը։
«Մենք պետք է տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնենք կլիմայի փոփոխության դեմ պայքարի մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է Մակրոնը՝ առաջարկելով ծրագիրն իրականացնել մինչև 2025 թվականը ներառյալ։
Միաժամանակ նա խորհուրդ է տվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը տարեկան հաշվետվություն ներկայացնել այդ գումարների ծախսման վերաբերյալ։
Նոյեմբերի 1-ին Գլազգոյում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը, որը կտևի երկու շաբաթ։ Այն պետք է կայանար անցյալ տարի, սակայն դրա ժամկետները փոխվել են COVID-19 համավարակի պատճառով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Գլազգո կժամանի մոտ 20 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 120 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Սպասվում է, որ այն կքննարկի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի երկրների պարտավորությունների խստացման հարցը։