Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին լուսանկարել են Jaguar X-Type Estate մեքենայի ղեկին: Միապետը մեքենան վարել է Վինձորի ամրոցի տարածքում։ Սա 20-ին հոսպիտալացման մասին լուրերից հետո առաջին դեպքն է, երբ թագուհուն նկատել են մեքենայի ղեկին, գրում է Daily Mail-ը:
2009 թվականի արտադրության մեքենան թագավորական ընտանիքը գնել է 2016 թվականին՝ Վինձորյան պալատի տարածքում շրջելու համար:
Հիշեցնենք, որ 95-ամյա թագուհին հիվանդանոց էր ընդունվել հոկտեմբերի 20-ին և միայն հաջորդ օրը վերադարձել Վինձորի ամրոց։ Դրանից հետո բժիշկների խորհրդով նա չեղարկել է առաջիկա երկու շաբաթվա բոլոր նշանակումները՝ հանգստի անհրաժեշտության պատճառով։ Այդ թվում՝ միապետը ստիպված է եղել հրաժարվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կլիմայի փոփոխության COP-26 համաժողովին մասնակցելուց։