«Երեկ չէ առաջին օրն էր, ադրբեջանցիները առաջ էին տվել իրենց դիրքերը, էդտեղ չեզոք գոտի է, իրենք էլ փորձել են տնավորվել: Ռուս խաղաղապահներին անմիջապես տեղյակ պահեցինք, մի կես ժամ բանակցեցին, բանակցությունների արդյունքում իրենց ելման դիքերում են հիմա: Թե ինչ են բանակցել, ինչ են խոսել, ես չեմ կարող ասել, որովհետև էնտեղ չեմ եղել:
Միայն գիտեմ այն, որ թուրքն ասել է, որ մեր համայնքին հարակից Ամարաս վանքի վրայից Արցախի դրոշը պիտի իջեցնեն, հիմա իջեցրել են դրոշը: Այսօր մեր դրոշը իջեցրել են, վաղը նորից իր տեղում կլինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ գյուղում էս պահին կրակոցներ չկան, իրենց գյուղում, համեմատած մյուս սահմանամերձ դարձած գյուղերի հետ, ավելի հանգիստ է:
«Սա առաջին անգամն էր, որ թուրքն առաջանալու փորձ է արել, նոյեմբերի 9-ից հետո նման բան չի եղել: Ռուսը մեր կողքին կանգնած է, ճիշտը որ ուզում եք իմանալ, դրանց ռուսի ներկայությունն է զսպում, թե չէ ադրբեջանցիները մարդկանց տներ էլ կմտնեն: Հենց խնդիր է լինում, ինչքան հնարավոր է, մենք մեր ուժերով փորձում ենք լուծել:
Գյուղում այնպես չէ, որ մարդիկ վախեցած են կամ ուզում են թողնել գյուղը, ավելին, պատերազմից հետո շատերը վերադարձել են գյուղ: Դե հիմա խնդիրներ կան, կամաց-կամաց լավ կլինի: Հիմա էս է իրավիճակը, ունեցածդ էլ պիտի ամուր պահես»,- եզրափակեց Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը:
Անահիտ Չալիկյան
The post «Ադրբեջանցիները դիրքերն առաջ էին տվել, փորձել՝ տնավորվել». Մաճկալաշենի համայնքապետ appeared first on ԳԱԼԱ.