Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչու՞ մինչ օրս արտաքին գործերի նախարար նշանակված չէ
Վարչապետ Ն. Փաշինյանի առաջարկությամբ բոլոր նախարարները նշանակվել են՝ բացառությամբ արտաքին գործերի նախարարի:
ՀՀ սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:
Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել ս.թ. օգոստոսի 2-ին, ինչը նշանակում է, որ վերը նշված հոդվածի հիմքով մինչև ս.թ. օգոստոսի 7-ը ՀՀ նախագահին պետք է ներկայացվեր նաև առաջարկություն արտաքին գործերի նախարարի թեկնածուի:
Այսօր օգոստոսի 12-ն է, սակայն դեռևս վարչապետի կողմից նման առաջակություն ՀՀ նախագահին չի ներկայացվել:Գուցե ժամկետների ա՞յլ հաշվարկ կա, կամ այլ իրավական ակտով է կարգավորվում այս խնդիրը, որին ինքս տեղյակ չեմ:
Իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, որ մինչ օրս արտաքին գործերի նախարարը չի նշանակվում»:
The post Ինչու՞ մինչ օրս արտաքին գործերի նախարար նշանակված չէ.Նորայր Նորիկյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.