Պարո՛ն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ Ձեր շեֆի կողմից ունեք շատ հստակ ցուցում, որպեսզի ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, օրինակ՝ հողատու կամ կապիտուլյանտ և հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը: Այս մասին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան:
«Դա քաղաքական գնահատական է ձեր գործունեությանը: Ձեր գործունեության ընթացքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք հողատու: Ձեր գործունեության ընթացքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի և դա քաղաքական գնահատակն է: Դուք այս դահլիճում հաճախ եք դա լսելու: ԱԺ նախագահը չպետք է չարաշահի իր տեղը և դերը ու պատգամավորների հասցեին տեղին- անտեղին արտահայտություններ անի: Դուք, որ խոսում եք մրմռոցից, դեռ շատ եք մրմռալու, այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու: Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիություն: Ուզում եք սրենք, եկեք սրենք»,-ասաց նա:
Սաղաթելյանը հորդորեց ԱԺ նախագահին բարի լինել կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը:
«Ուզում եմ հիշեցնել, որ երբ կառուցողական խոսքերի, ատելության քարոզի մասին ելույթներ եք ունենում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը, երբ ասում էր՝ «ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»: Իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ գործունեությունը, դուք այստեղ ավելի լիազորություն չունեք, քան այստեղ նստած մյուս պատգամավորները»,- ասաց Սաղաթելյանը: