ԵՄ պատվիրակությունը շտապում է տարածաշրջան՝ ընտրություններից հետո տեղում հասկանալ իրավիճակը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Հիշեցնենք, հունիսի 25–ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան են ժամանում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Արդեն նոր ստեղծված իրավիճակում ԵՄ պատվիրակությունը շտապում է տարածաշրջան՝ տեղում հասկանալու իրավիճակը և նոր օրակարգ ձևավորելու քայլեր ձեռնարկելու: Այն, ինչ կանխատեսում էինք, այսօր արդեն կյանքի է կոչվում և Արևմուտքը՝ այս դեպքում ի դեմս Եվրամիության, շտապում է մեծացնել տարածաշրջանում իր դերակատարումը»,- ասել է Աննա Կարապետյանը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային արձագանքներին՝ փորձագետը նշել է, որ թե՛ դիտորդական առաքելությունների գնահատականները, թե՛ միջազգային արձագանքները ունեն նաև քաղաքական հստակ ենթատեքստ և որոշակի ուղերձներ են պարունակում:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Արևմուտքն այսօր խոսում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, խորացման մասին, կոչ անում ընդդիմությանն ընդունել ընտրությունների արդյունքները:
«Ուշագրավ է, որ իր արձագանքներում ռուսական կողմը հիմնական շեշտադրումն անում է ոչ թե երկկողմ հարաբերությունների զարգացման, այլ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև առկա եռակողմ համաձայնությունների կատարման վրա»,- ասել է քաղաքագետը և հավելել. «Արդեն իսկ տեսնում ենք ռուսական կողմի ակտիվ շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ»:
Կարապետյանը նշել է, որ տարածաշրջանում և դրա շուրջ աշխարհաքաղաքական գործընթացները եռում են և հետագայում շատ բան կախված է լինելու այս պահին դիրքավորումից:
Մանրամասները տեսանյութում