Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը՝ արքայադուստր Լատիֆան, որն ամիսներ առաջ պնդում էր՝ «պատանդ է», իր փաստաբանների միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ «այժմ ազատ է, ճամփորդում է այնտեղ, որտեղ ցանկանում է», գրում է New York Post-ը։
35-ամյա Դուբայի արքայադուստրն իր հաղորդագրությամբ մեկնաբանել է օրերս համացանցում հայտնված լուսանկարները, որտեղ իր ամառային հանգիստն է վայելում եվրոպական երկրներից մեկում։
«Վերջերս ընկերոջս հետ 3 եվրոպական երկիր եմ այցելել։ Ես նրան խնդրեցի համացանցում հրապարակել մեր համատեղ լուսանկարը, որպեսզի խմբի մասնակիցներին ապացուցեմ՝ այժմ կարող եմ ճամփորդել այնտեղ, որտեղ ցանկանամ»,- Free Latifa («Ազատություն Լատիֆային») խմբին հղած հաղորդագրությունում ասել է արքայադուստրը։
Նա նաև նշել է՝ «լիահույս է, որ այսուհետ առանց լրատվամիջոցների ուշադրության կկարողանա հանգիստ կյանք վարել»։
«Ես նաև շնորհակալություն եմ հայտնում ինձ բարեմաղթանքներ հղած մարդկանց»,- հավելել է արքայադուստր Լատիֆան։
Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է արվել հաղորդագրությունը։
35-ամյա Լատիֆայի ճակատագրի վերաբերյալ մտավախություններ են առաջացել ամիսներ առաջ BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ 35-ամյա արքայադուստրը նշում էր՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։
«Ես պատանդ եմ։ Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել էր նա։
Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։