Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցության պատվիրակությունը այցելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակ` քննարկելու երկրի գլխավոր դատախազության կողմից ներկայացված և քրդամետ կուսակցության փակմանն ուղղված մեղադրական եզրակացությունը: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:
«Ապագա» կուսակցության պատվիրակության կազմում են եղել կուսակցության փոխնախագահ Նեդիմ Յամալըն, գլխավոր քարտուղար Ջեմալեթթին Քանի Թորունը և գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրայ Սաղըրօղլուն:
Պատվիրակությունը հանդիպել է Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ Թունջեր Բաքիըրհանի, քրդամետ կուսակցության խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչի հետ և մտքեր է փոխանակել փակման գործի վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել երկրի Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ փակման գործ հարուցելու համար: