Մայիսի սկզբին Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունն անցկացրել է ամենամեծ ամենամյա զորավարժությունները և միաժամանակ ավելի փոքր զորավարժություններ՝ ներգրավելով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների հատուկ նշանակության ջոկատներ, գրում է Business Insider-ը:
Նշվում է՝ Trojan Footprint 21 և Black Swan 21 անվանումներով զորավարժությունները հատկապես կարևոր են, քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակվում է Ուկրաինայի արևելքում և Ղրիմում:
Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը նախատեսում էր այդ զորավարժություններն անցկացնել միաժամանակ՝ Բալթիկայից և Սկանդինավիայից մինչև Ուկրաինա և Սևծովյան տարածաշրջան՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ բախման սցենարով:
Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Վրաստանի, Հունգարիայի, Մոնտնեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ջոկատները միացել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայիններին, կանաչ բերետավորներին և ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատների և ռազմանավերի անձնակազմերին:
Այս զորավարժություններն անցկացվել են Ռումինիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում:
Նշվում է՝ զորավարժությունների և հատկապես Trojan Footprint-ի հիմնական նպատակը փորձարկելն է եղել, թե ինչպես կարող են պայմանական զորքերը և հատուկ նշանակության ջոկատները փոխգործակցել Ռուսաստանի հետ լուրջ բախման դեպքում:
Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ընդդեմ Ռուսաստանի
Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում ռազմածովային ուժերի ջոկատները հատուկ նշանակություն կունենան մի շարք պատճառներով:
Ղրիմի թերակղզու «բռնակցումից» հետո ռուսական բանակը ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում՝ Ղրիմը վերածելով անառիկ թվացող ամրոցի, որը ցամաքից ու օդից պաշտպանում է Ռուսաստանի հարավային թևը:
Ռուսաստանն այնտեղ տեղակայել է հզոր ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք ունակ են հետևել նավերին մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մի քանի հզոր «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր:
Ըստ Business Insider-ի՝ գործընկերները կարող են հետախուզություն իրականացնել ծովում և ցամաքում, մասնակցել ստորջրյա հատուկ գործողություններին, բայց ռազմածովային հատուկ ջոկատայինները միակ բաղադրիչը չեն, որոնք կարող են կարևոր դեր ունենալ Ռուսաստանի հետ հնարավոր բախման հարցում: