Սոցցանցային հարթակում գրեթե մեկ տարի բացակայությունից հետո բրիտանացի հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը թվիթերյան գրառմամբ պատասխանել է իր մասնագիտական և անձնական կյանքի վերաբերյալ ասեկոսեներին։
Դերասանուհին, մասնավորապես, նշել է՝ նշանադրված լինելու և չլինելու, դերասանական կարիերան դադարեցնելու մասին լուրերը պարզապես միջոց են ևս մեկ «քլիքի» և դիտումների համար։
«Սիրելի երկրպագուներ, եթե ես նորություն ունենամ, խոստանում եմ՝ անձամբ կհայտնեմ ձեզ։ Միևնույն ժամանակ, կուզենայի հայտնել՝ ինձնից նորությունների բացակայությունը պարզապես նշանակում է, որ համավարակի օրերն անցկացնում եմ այնպես, ինչպես ձեզնից շատերը՝ փորձում, բայց չեմ կարողանում հաց թխել, հոգ եմ տանում հարազատներիս մասին և անում եմ հնարավոր ամեն ինչ՝ վիրուսը չտարածելու համար»,- ասել է դերասանուհին։
«Հարի Փոթերի» ֆիլմաշարում Հերմիոնա Գրեյնջերսի դերակատարը նաև բարեմաղթանքներ է հղել իր երկրպագուներին։
Նշենք, որ դերասանուհին հանդիպում է գործարար Լեո Ռոբինսոնի հետ։