Չեխիայի կառավարության անդամները միաձայն որոշել են հանել «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան երկրի հարավ-արևելքում «Դուկովանի» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մրցույթի մասնակցության թեկնածուների ցուցակից: Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ և արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Գավլիչեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կառավարությունը միաձայն որոշում է կայացրել, որ «Դուկովանի» ԱԷԿ-ի կառուցման ավարտի մրցույթին մասնակցելու հավակնորդների մեջ մնում է 3 ընկերություն՝ ամերիկյան Westinghouse, ֆրանսիական EdF և հարավկորեական KHNP ընկերությունները: Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը, նոր տեղեկատվության լույսի ներքո չի մասնակցի մրցույթին»,- ասել է Գավլիչեկը ճեպազրույցի ժամանակ:
«Դուկովանի» ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի կառուցման մրցույթի հաղթողը պետք է որոշվի ոչ ուշ, քան 2024 թվականը: Բլոկի կառուցումը պետք է սկսվի 2029 թվականին և ավարտվի 2036 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 6 միլիարդ եվրո: