ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր չէ չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ հիմք չի ունենա մտածելու, որ Թեհրանը լիարժեք կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը՝ ելույթ ունենալով ամերիկյան հեռուստատեսության եթերում:
Ինչպես նա ընդգծել է, ԱՄՆ-ն չի վերցնի պատժամիջոցները, քանի դեռ չի հավաստիացել առ այն, որ Իրանն ամբողջովին կվերադառնա միջուկային գործարքով սահմանված իր բոլոր պարտականությունների իրականացմանը և կկատարի ամերիկյան կողմի մի շարք պահանջներ: «Քանի դեռ մենք վստահություն չունենք այդ ամենի հարցում, ԱՄՆ-ն որևէ փոխզիջման չի գնա»,- հավելել է պաշտոնյան: